
Քաղաքացին ահազանգել է, հանրային սննդի օբյեկտը փակվել է
Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտներից մեկը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։
Խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ Երևանի բնակիչը ահազանգել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ)։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում իրականացրած ստուգումների արդյունքում պարզել են, որ «ՍԵՐՈԲ» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտում սանիտարական նորմերը չեն պահպանվում։
Ըստ հրապարակված տվյալների՝ օբյեկտի պատերն ու հատակը եղել են ոչ նորոգ, չեն ունեցել հարթ և հեշտությամբ ախտահանվող մակերեսներ, իսկ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխեն կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելը։
Արդյունքում՝ ՍԱՏՄ-ի ղեկավարի որոշմամբ, օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սեփականատիրոջը տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու և սանիտարահիգիենիկ պահանջները բավարարելու համար։