
Իրավիճակը Խնածախում․ հայտարարություններից մինչև իրականություն
Սյունիքի մարզի Խնածախ գյուղը մարտի 20-ից ադրբեջանական հարձակումների թիրախում է։ Եթե սկզբից Հայաստանի պաշտպանության նախարարությունը չէր հաստատում նորություններն այդ մասին, վերջին երկու դեպքերին նույնիսկ արձագանքել է՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Amnews-ին հաջողվել է կապ հաստատել Խնածախի բնակիչ Ս․-ի հետ և մանրամասն ծանոթանալ այս պահին գյուղում տիրող իրավիճակին։
Մարտի 20-ից մինչև էսօր ամեն օր 10։20, 12։20, 2։20, 4։20 ստաբիլ նույն ժամին, նույն ձևով կրակում են։ Մի քանի ժամանակ առաջ ցերեկն էլ են կրակել։ Գյուղացիներից մեկը իրա կովերը պահելիսա եղել սահմանին մոտ։ Կրակել են, ինքն էլ փախելա։
Սկզբից վապշե ուրիշ ձև էին մարդիկ ընդունում։ Հիմա արդեն հարմարվել են։ Բայց էդ շատ վատ նշանա էլի։ Հիմա թշնամուն ինչ, կարճ խելք ունի, կարա հարմարեցնի ու հարձակվի։ Մարդիկ էլ կարան մտածեն, որ սա նորմալա, ամեն օր էլ լինումա ու տենց ոչ մի բան չանեն։
Կրակոցները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ տեղի բնակիչների վրա։ Մեր զրուցակցի խոսքերով՝ շատերը պատրաստվում են հեռանալ գյուղից, որովհետև ադրբեջանցիները բնակելի տների ուղղությամբ էլ են կրակում։ Չնայած կրթական հաստատությունները չեն փակվել, բայց որոշ ծնողներ երեխաներին վախից դպրոց չեն ուղարկում։
Շատ մարդիկ արդեն դուրս են գալիս գյուղից, շատերն էլ արդեն պատրաստվում են դուրս գան։ Մարդիկ կային, ովքեր մեծ տնտեսություններ ունեին իրենք էլ իրենց անասուններին ծախել-գնացել են։ Հեսա քանի օրա գռուզավոյները (բեռնատար) կանգնած են։ Շատ մարդիկ մեծ տնտեսություններ ունեին, ծախեցին ու գնացին։ Ու տենց շատերը՝ կանանց ու երեխեքի հետ դուրս են գալիս։ Մի քանի զինվորականներ սպասում են, որ պայմանագիրը պրծնի ու դուրս գան։
Էս պահին մի 10 ընտանիք պատրաստվումա դուրս գալ Խնածախից։ Սպասում են մի ինչ-որ բան լինի՝ դուրս գան։ Շատերն էլ մինչև աշուն որոշել են սպասեն, տեսնեն ինչ կստացվի։ Ոչ մի բան չկա ստեղ։ Տարածք չկա, օգնություն չկա, արհամարհում են մարդկանց։ Ջահել ընտանիքները գնում են, մեծերը՝ մնում։ Ստիպված դուրս են գալիս։
Ս․-ն վստահեցնում է, որ մինչև այսօր մերոնք մի փամփուշտ էլ չեն ուղարկել թշնամու ուղղությամբ։
Արհամարհում են, չեն թողնում մերոնք էլ պատասխան տան։ Կրակոցները շարունակվումա։ Մի պատրոն մեր մոտից չի գնացել։ Ժողովրդի վրա կրակում են, բայց նույնիսկ արգելում են իրանց խոսել էդ մասին։ Լրագրողա գալիս, չեն թողնում խոսենք։ Չգիտենք՝ ով չի թողնում, բայց փաստն էնա, որ արգելում են, ասում են մի խոսեք, պետք չի։ Վերջերս էլ գյուղապետիի տանն էին կրակել։ Դե իրանց տունը գյուղի ծերինա, պոստերին մոտ։
Հիմա էլ ֆեյսբուքը թերթում եմ, բոլորը գրում են, որ Խնածախի մշակույթի տանը կրակել են, բայց ինչ օգուտ։ 2 ՊՆ-ի աշխատողա գալիս, նկարում ու գնում։ Ոչ մի բան էլ չի փոխվում։
Սակայն զրուցակիցս վստահեցնում է, որ գյուղի որոշ ընտանիքներ հաստատապես որոշել են գյուղում մնալ և պաշտպանել այն հնարավոր բոլոր հարձակումներից։