ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիում համայնքապետ են ընտրում

Ապրիլի 16-ին Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում համայնքապետի ընտրությունն է։ Նիստը վարում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածու, ավագանու ամենատարեց անդամ Վարդան Ղուկասյանը։

Քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն է ներկայացրել միայն ՀԿԿ-ն՝ առաջադրելով հենց Ղուկասյանին։ Մյուս ընդդիմադիր խմբակցությունները՝ «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» և «Մեր քաղաքը» դաշինքը, հայտնել են, որ թեկնածու չեն առաջադրում և պատրաստ են իրենց ձայներով աջակցել ընդդիմադիր քաղաքապետի ընտրությանը։

Ի տարբերություն մյուս ուժերի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ունի 14 մանդատ, նիստին չի մասնակցում։ Կուսակցության ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Գյումրիում պետք է գնալ նոր՝ արտահերթ ընտրությունների։ Նրա համոզմամբ՝ ներկայիս գործընթացը հակասում է քաղաքի շահերին, իսկ «քվեարկությունը պարտադրված որոշման հետևանք է»։

ՔՊ-ի 14 ձայները բավարար չեն քաղաքապետ ընտրելու համար, քանի որ անհրաժեշտ է առնվազն 17 ձայն։ Ընդդիմադիր խմբակցությունների համախմբված աջակցությամբ Վարդան Ղուկասյանը, ով արդեն պաշտոնավարել է որպես Գյումրու քաղաքապետ, կարող է վերադառնալ պաշտոնին։