
Coffee House-ը փակ է արդեն երեք օր. ընկերությունը պետությանը վերադարձրել է 125 միլիոն դրամ
Երևանում արդեն երրորդ օրն է՝ Coffee House սրճարանների բոլոր մասնաճյուղերը փակ են։
Քննչական կոմիտեից հայտնում է, որ Coffee House ընկերության նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում պետությանը վերադարձվել է 125 միլիոն դրամ։ Գործը վերաբերում է հատկապես խոշոր չափերով հարկերի չվճարման դեպքին՝ ընդհանուր 450 միլիոն դրամի չափով։
Ըստ հաղորդման՝ երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը չվճարելը։ Ըստ նույն հոդվածի՝ նման հանցանք կատարած անձինք պատժվում են 4-8 տարի ազատազրկմամբ։ Նրանք կասկածվում են հարկերից խուսափելու մեջ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելք։
Coffee House ընկերությունը դեռևս չի արձագանքել ստեղծված իրավիճակին։