
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների գործընթացը. իրավական անհրաժեշտություն թե քաղաքական նպատակահարմարություն
Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը վերջին ամիսներին նոր թափ է ստացել քաղաքական, իրավական և հանրային քննարկումների լայն շրջանակներում։ Թեման հատկապես սրվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը պաշտոնապես դժգոհություն հայտնեց Հայաստանի Սահմանադրության նախաբանում առկա ՀՀ Անկախության հռչակագրին հղման վերաբերյալ։
Ադրբեջանի կարծիքով՝ այդ հղման միջոցով Հայաստանն անուղղակի կերպով հավակնություն է արտահայտում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ հակասելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը հանրային քննարկման դաշտ է մտել 2024 թվականի մայիսից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց մշակել նոր Սահմանադրություն՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Սակայն արդյոք սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը բխում է Հայաստանի ներքին իրավաքաղաքական զարգացումներից, թե՞ հանդիսանում է զիջում արտաքին ճնշումներին։ Այս հարցը շարունակում է մնալ քննարկումների առանցքում։
Իշխանությունը պնդում է,որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ թե արտաքին պահանջներով, այլ ներքին քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությամբ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ գործող Սահմանադրությունն ունի որոշակի թերություններ՝ հատկապես սոցիալական իրավունքների ոլորտում։ Սակայն մինչ այս պահը չի ներկայացվել որևէ հստակ օրինակ կամ նախագիծ, թե հատկապես որ դրույթներն են փոփոխման ենթակա։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը, սակայն, զգուշությամբ է մոտենում սահմանադրական փոփոխություններին, հատկապես այս փուլում։ Նրա կարծիքով՝ այժմ չկա իրավաբանորեն հիմնավորված փաստարկ, որը կարդարացնի նոր Սահմանադրության մշակման անհրաժեշտությունը։ Նա կարծում է, որ այդ որոշումը բխում է քաղաքական նպատակահարմարությունից, ինչը անթույլատրելի է։
Ներկայիս քաղաքական լարվածությունը և անկայուն ներքին վիճակը չեն կարող համապատասխան հարթակ հանդիսանալ հիմնարար փաստաթուղթ վերափոխելու համար։ Առավելևս, երբ չի հստակեցվել՝ արդյոք սա արվում է իրավունքի զարգացման, ազգային ռազմավարության, թե այլ՝ ոչ իրավական գործոնների հիման վրա։ Վենետիկի հանձնաժողովը, որը Եվրոպայի խորհրդի հեղինակավոր կազմակերպություններից է, բազմիցս շեշտել է, որ սահմանադրական փոփոխությունը չպետք է լինի քաղաքական նպատակահարմարության արդյունք, — նշում է նա։ Այն հարցին, թե արդյոք ներկայիս գործող սահմանադրությունը չունի այնպիսի թերություններ, որոնք փոփոխման կարիք ունեն Մելոյանը պատասխանեց.
— Աշխարհում սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենում աշխարհակարգի, իրավունքի զարգացման, հասարակական հարաբերությունների կատարելագործման կամ փոփոխման հետևանքով։
Ինչքան էլ մեր ներկայիս սահմանադրությունը քննադատության է արժանացել, այն միջազգային գործընկերների կողմից բավականին բարձր գնահատանքի է արժանացել»։
Սահմանադրագետը հատուկ ուշադրություն է դարձնում ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված ՀՀ Անկախության հռչակագրին հավատարմությանը, որը, նրա խոսքով, ունի ոչ միայն խորհրդանշական, այլև իրավաքաղաքական նշանակություն։
Դա շատ նուրբ իրավական լուծում է, որի միջոցով իրավական ուժ է հաղորդվում հռչակագրային փաստաթղթին։ Անկախության հռչակագիրը պարունակում է ոչ միայն պատմական արձանագրություններ, այլև համազգային նպատակներ ու պետականության հիմնարար սկզբունքներ։ Այս փաստաթղթից հրաժարումը կարող է վտանգել պետության ինքնության իրավական հիմքերը։
Ադրբեջանը, ըստ Մելոյանի, հատկապես խնդրահարույց է համարում հռչակագրում նշված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին դրույթը և հենց այդ պատճառով է պահանջում Անկախության հռչակագրի հիշատակումն ամբողջությամբ հանել Սահմանադրությունից։
Սահմանադրագետի մտահոգությունների առանցքում է նաև սահմանադրական ինքնիշխանության կորուստի վտանգը։ Նա զգուշացնում է, որ արտաքին ճնշումների ազդեցությամբ կատարվող սահմանադրական փոփոխությունները կարող են լուրջ հարված լինել երկրի ինքնիշխանությանը։
Եթե Սահմանադրությունը փոխվում է ոչ թե ներքին իրավական զարգացման անհրաժեշտությունից, այլ արտաքին հարաբերություններում ճնշումներից ելնելով, ապա մենք գործ ունենք իրավական անկախության խաթարման հետ։
Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև սահմանադրական փոփոխությունների ընդունման ընթացակարգերին և դրանց շուրջ եղած մտահոգություններին։
Ըստ Սահմանադրության՝ ամբողջությամբ նոր Սահմանադրության ընդունումը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, իսկ առանձին փոփոխությունները նաև Ազգային ժողովի միջոցով։
Եթե նոր Սահմանադրությունը փորձեն ընդունել առանց հանրաքվեի, այն չի ունենալու ո՛չ ներքին, ո՛չ միջազգային լեգիտիմություն, — ընդգծում է սահմանադրագետը։
Նա նաև նշել է, որ Սահմանադրության լեգիտիմությունը ապահովելու համար գործընթացը պետք է իրականացվի թափանցիկության և մասնակցայնության սկզբունքով։ Սակայն այժմ, նրա խոսքով, գործընթացը ծայրաստիճան մեկուսացված է, և չի ներառում հասարակական սեկտորի, քաղաքական ընդդիմադիր և իշխանական ուժերի, գիտական և մասնագիտական շրջանակների մասնակցությունը։