ՀայաստանՍոցիալական

Կոնդ թաղամասի վերակառուցման մրցույթը կրկին ավարտվեց առանց հաղթողի

Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մշակման մրցույթի երկրորդ փուլում ևս հաղթող նախագիծ չի ընտրվել։ Այս մասին քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

Նրա խոսքով՝ մրցույթին ներկայացված նախագծերից որևէ մեկը լիարժեք չէր համապատասխանում սահմանված պահանջներին։

Մրցույթն իրականացվում է քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ։ Թևանյանի փոխանցմամբ՝ այժմ ընթանում են աշխատանքներ՝ նոր մեխանիզմներով և մոտեցումներով մրցույթ կազմակերպելու ուղղությամբ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ Կոնդի վերակառուցման գործընթացը մեկնարկել է դեռևս չորս տարի առաջ, երբ ինքը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։ Նա նշել է, որ նախապես նախատեսվում էր այն ավարտել մեկ տարվա ընթացքում, սակայն մինչ օրս գործընթացը շարունակվում է։

Ավինյանը կոչ է արել կենտրոնանալ առկա արժեքավոր գաղափարների վրա և շարունակել աշխատանքը՝ նոր մոտեցումներով։