ԱռողջությունՀայաստան

Հայաստանում արյան պահանջարկը գերազանցում է դոնորների թվին

Հայաստանում արյան դոնորության ոլորտում ձևավորվում է մտահոգիչ անհավասարակշռություն. դոնորների թիվը չի համապատասխանում օրեցօր աճող պահանջարկին։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի խոսքով՝ Հայաստանում օրական միջինում պահանջվում է շուրջ 60 պարկ արյուն, ինչը պայմանավորված է ոչ միայն հիվանդների թվի ավելացմամբ, այլ նաև բուժման նոր մեթոդների կիրառմամբ։

Թեև դոնորների թիվը վերջին տարիներին կրկնապատկվել է՝ սկսված արշավների արդյունքում, այնուամենայնիվ արյան պաշարների պակաս դեռ կա։ Դոնորներն ընդհանուր առմամբ դասակարգվում են երեք խմբի՝ վճարովի, հիվանդի հարազատներ և անվարձահատույց։ Հայաստանում դոնորության ամենատարածված ձևը վճարովին է, սակայն մի շարք ծրագրերի միջոցով ակտիվորեն խթանվում է անվարձահատույց դոնորության մշակույթի զարգացումը։

Մարզերում խնդիրը լուծելու համար նույնպես ակցիաներ են իրականացվում։ Ներկայումս, Շամիլյանի խոսքով, հինգ մարզերում դոնորական կետեր են գործում, մյուսներում խնդիրը լուծվում է շարժական կենտրոնների միջոցով:

Բժիշկ Շամիլյանը կարևորում է դոնորության մասին կարծրատիպերի վերացումը։ Ըստ նրա՝ հասարակության մի հատված դեռ համոզված է, թե արյան կարիքը առաջանում է միայն արտակարգ դեպքերում՝ պատերազմ, վթար կամ շտապ վիրահատություն, մինչդեռ իրականում պահանջարկն առկա է մշտապես։

Բժիշկը նաև ընդգծեց, որ առավել վստահելի են մշտական կամ կադրային դոնորները, որոնց արյունը հիմնականում համապատասխանում է բժշկական չափանիշներին։ Նրանց մոտ 10-15 տոկոսի արյունն է միայն մերժվում տարբեր վարակների կամ անբավարար հեմոգլոբինի պատճառով։

Դոնորներն ընդհանուր առմամբ դասակարգվում են երեք խմբի՝ վճարովի, հիվանդի հարազատներ և անվարձահատույց։ Հայաստանում դոնորության ամենատարածված ձևը վճարովին է, սակայն մի շարք ծրագրերի միջոցով ակտիվորեն խթանվում է անվարձահատույց դոնորության մշակույթի զարգացումը։

Դոնոր կարող են դառնալ չափահաս աձինք։ Քաշի պահանջները տարբեր են սեռերի համար․ կանանց դեպքում՝ առնվազն 52 կգ, տղամարդկանց դեպքում՝ առնվազն 62 կգ։ Դոնորության համար անհրաժեշտ է նաև համապատասխան հեմոգլոբինի մակարդակ․ կանանց մոտ՝ 125-180 գ/լ, տղամարդկանց մոտ՝ 135-188 գ/լ։ Բացի այդ, արյուն հանձնելու պահին արյան ճնշումը պետք է լինի նորմայի սահմաններում, և սրտի զարկերի հաճախականությունը՝ 60-ից 90 զարկ մեկ րոպեում։

Տարվա ընթացքում արյուն հանձնելու առավելագույն հաճախականությունը նույնպես սահմանված է․ կանայք կարող են դառնալ դոնոր մինչև 4 անգամ, իսկ տղամարդիկ՝ մինչև 5 անգամ։