
Շիրակի մարզի համայնքապետարանի աշխատակիցը մեղադրվում է 49 միլիոն դրամի յուրացնելու մեջ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում արձանագրվել են առերևույթ չարաշահումներ՝ իրականացված համայնքապետարանի աշխատակցի կողմից։
Նախաքննությամբ պարզվել է, որ Ս․Հ․-ն, օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի փոխանցած նույնականացման քարտն ու հաշվապահական ծրագիր մուտք գործելու գաղտնաբառը, տարիներ շարունակ մուտք է գործել համակարգ, կազմել ու հաստատել է բյուջեի փոփոխությունների ու վճարման հանձնարարականների փաստաթղթեր։
Քննչական տվյալներով՝ համայնքի ավագանուն ու մարզպետարանին ներկայացվել են կեղծ հաշվետվություններ, ինչի միջոցով Ս․Հ․-ն կարողացել է համայնքային բյուջեից տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարները փոխանցել աշխատավարձերի տարանցիկ հաշվին։ Ապա համայնքի նախկին ղեկավարի փոխարեն՝ վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ կազմել է հանձնարարականներ ու բյուջեից իր բանկային հաշվին փոխանցել ընդհանուր 50 մլն 464 հազար 100 դրամ։
Այդ գումարից միայն 1 մլն 323 հազար դրամն է օգտագործվել աշխատակիցների չվճարված աշխատավարձերի մարումն ապահովելու համար, իսկ մնացած՝ 49 մլն 140 հազար դրամը յուրացվել է։
Նախաքննության ընթացքում համայնքի բյուջե է վերականգնվել 4 մլն 500 հազար դրամ։ Չվերականգնված վնասի չափով արգելանք է դրվել գույքի վրա։