ԽմբագրիցՀայաստան

Հիշում ենք և պահանջում․ արդեն 110 տարի

Յուրաքանչյուր ապրիլի 24-ին հայերն ամբողջ աշխարհում մի պահ կանգ են առնում։ Որպեսզի հիշեն։ Որպեսզի չմոռանան։ Որպեսզի աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնեն, որ ճշմարտությունը ժամանակ չունի։

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերից մեկն է հիշեցնում աշխարհին։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սկսված հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ իրականացված հանցագործություն էր, այլև փորձ՝ մեկ մշակույթ, մեկ ազգ, մեկ քաղաքակրթություն հողից վերացնելու։ Այդ տարիներին մեկուկես միլիոն հայեր ջարդվեցին, տեղահանվեցին, սովամահ եղան։

Սակայն մի ամբողջ դար անց՝ աշխարհի որոշ պետություններ դեռ շարունակում են խաղալ քաղաքական հաշվարկների կանոններով՝ չճանաչելով ակնհայտը։ Ցեղասպանության ժխտումը դարձել է քաղաքական գործիք, իսկ լռությունը՝ բարոյական պարտություն։

Այսօր, երբ աշխարհը նորից բախվում է ցեղասպանությունների, տեղահանությունների, ռազմական ագրեսիաների, հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դառնում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման քայլ, այլև՝ կանխարգելիչ կոչ։ Ճանաչել նշանակում է՝ ասել այլևս երբեք։ Ճանաչել նշանակում է՝ դադարեցնել անպատժելիության շղթան։

Այսօր, մեր պարտքն է ոչ միայն ծաղիկ դնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այլև բարձրացնել ճշմարտության ձայնը։ Որովհետև ցեղասպանությունը սկսվում է լռությամբ։ Եվ ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ճշմարտությունը դառնում է համընդհանուր։