ՀայաստանՍպորտ

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 5 բրոնզե մեդալ է նվաճել

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները։ Մեր ընտրանին հայրենիք կվերադառնա 6 մեդալով՝ 1 ոսկե և 5 բրոնզե։ Հավաքականը մրցավայր էր մեկնել 17 մարզիկով։

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ եզրափակիչում 9:1 հաշվով վստահորեն հաղթելով խորվաթ Մարինո Դուգանյիչին։ Տիտղոսի ճանապարհին նա հաղթել է ուկրաինացի Եվգենի Մակարովին, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով պարտության է մատնել գործող չեմպիոն, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին։

Ավանեսյանի համար սա Եվրոպայի առաջնության երկրորդ տիտղոսն է. նա նախկինում նվաճել էր մայրցամաքային չեմպիոնի կոչումը 2023 թվականին։

Ավանեսյանի ոսկե մեդալին զուգահեռ Հայաստանի հավաքականը նվաճել է ևս հինգ բրոնզե մեդալ։ Դավիթ Հովսեփյանը (58 կգ, սպորտային սամբո), Արթուր Մալխասյանը (79 կգ, մարտական սամբո), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Համլետ Սուքիասյանը (58 կգ) զբաղեցրել են երրորդ տեղերը։

Վաղը՝ ապրիլի 25-ին, Լիմասոլում մեկնարկում է սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։