
Երևանում նոր կանաչ գոտիներ են հիմնվել
Երևանը նոր շունչ է ստանում։ Մայրաքաղաքում վերջին օրերին հիմնվել են երկու նոր կանաչ գոտիներ, որտեղ տնկվել են հազարավոր ծառեր ու թփեր։
Աշտարակի խճուղու հատվածում՝ շուրջ 3 հա տարածքի վրա, ստեղծվել է քաղաքային անտառ։ Տնկվել է շուրջ 1250 ծառաթփատեսակ, այդ թվում՝ հացենի, կատալպա, ծիրանենի, նշենի, խնձորենի, տանձենի և գիհի։ Տարածքն ապահովված է ժամանակակից ոռոգման համակարգով, ինչը կնպաստի տնկիների առողջ աճին։
Մեկ այլ խոշոր ծրագիր իրականացվել է Նոր Նորք վարչական շրջանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող տարածքում։ Այստեղ կանաչապատվել է մոտ 6 հա հողատարածք՝ տնկելով շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ։ Տնկվել են սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի, սալորենի և նշենի։