ՀայաստանՍպորտ

Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հաղթողներ

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող է դարձել։ Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ Նա 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթել է 6 փուլերից 3-ում՝ արժանանալով բացարձակ հաղթողի տիտղոսին։

Աշխարհի գավաթի 6-րդ փուլի օղակներ վարժությունում փայլուն հանդես է եկել նաև Արթուր Ավետիսյանը, ով 14.466 միավորով գերազանցել է բոլոր մրցակիցներին և արժանացել ոսկե մեդալի։ Նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը զբաղեցրել է 7-րդ տեղը։

Նշենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում հանդես կգա ապրիլի 28-ին՝ հենացատկի վարժության եզրափակչում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 14-20-ը, Կատարի Դոհա քաղաքում կայացած աշխարհի գավաթի 5-րդ փուլում Արթուր Դավթյանը ևս ոսկե մեդալ էր նվաճել, դառնալով աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ Նույն մրցաշարում Համլետ Մանուկյանը հաղթող էր ճանաչվել նժույգ թափեր վարժությունում, Վահագն Դավթյանը՝ արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր էր դարձել օղակների վարժությունում։