
Իրանի նախագահը խոսել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին
Ապրիլի 27-ին Բաքու պաշտոնական այցի նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ խաղաղության գործընթացը պետք է հիմնվի սահմանների փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, և ոչ մի կողմ չպետք է փորձի վերահսկել մյուսի տարածքը։ Այս մասին նա հայտնել է ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Իրանի նախագահը նշել է, որ «կոնֆլիկտը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է իր վերահսկողության տակ դնել մյուսների տարածքները կամ սահմանները», ուստի կարևոր է, որ պետությունները հարգեն միմյանց իրավունքը, շահերը և տարածքային ամբողջականությունը։ Նա նաև շեշտել է, որ Իրանը միշտ աջակցել է այս սկզբունքներին և կշարունակի դա անել՝ հուսալով, որ միջազգային իրավունքի շրջանակներում կլուծվեն երկու երկրների միջև առկա տարաձայնությունները։
Փեզեշքիանը նշել է, որ եթե կողմերը հարգեն միմյանց սահմանները, տարաձայնությունները կարող են վերանալ։
Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն սկզբունքի հիման վրա պաշտպանելու ենք նաև Հայաստանի իրավունքները։ Մենք ձգտելու ենք, որ երկու կողմերն էլ կարողանան խաղաղության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապրել կողք կողքի և օգնել միմյանց։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» խնդրին, Իրանի նախագահը կրկին շեշտել է տարածքային ամբողջականության կարևորությունը։ Նա նշել է, որ Իրանը արդեն սկսել է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ կառուցել։ Նա նաև ավելացրել է, որ Իրանի աջակցությամբ՝ երկու երկրները պետք է կարողանան շինարարություն կատարել ու համագործակցել խաղաղության և բարեդրացիության սկզբունքներով։
Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով այս հարցերին, նշել է, որ միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով «Զանգեզուրի միջանցքի» նախագծին։