Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը հայտարարել է, որ Հնդկաստանի ռազմական ներխուժումն իր երկրի տարածք անխուսափելի է։ Այս մասին նախարարը հայտնել է «Reuters»-ին՝ ընդգծելով, որ Պակիստանը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։
Նրա խոսքով՝ Պակիստանը պատրաստ է կիրառել միջուկային զենք միայն պետական գոյությանն ուղղված անմիջական սպառնալիքի դեպքում։ Ավելի վաղ նախարարը զգուշացրել էր, որ երկու միջուկային տերությունների՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության աճող սպառնալիքը պետք է անհանգստացնի ողջ աշխարհին։
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները կտրուկ սրվել են ապրիլի 22-ին Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնել են, որ հարձակման հետևում կանգնած է «Լաշքար-է-Թայբա» խմբավորումը՝ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) աջակցությամբ։
Լարվածությունը նկատվում է նաև սահմանային գոտում։ Վերջին օրերին Ջամուում և Քաշմիրում հաճախակիացել են Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի միջև փոխհրաձգությունները, մասնավորապես Թութմարի-Գալի և Ռամպուր շրջաններում։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը կոշտ քայլեր է ձեռնարկել՝ կիսով չափ կրճատելով Իսլամաբադում իր դեսպանատան անձնակազմը, դադարեցնելով վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին, փակելով «Աթարի» սահմանային անցակետը և կասեցնելով ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը։
Ի պատասխան՝ Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար և դադարեցրել է առևտուրը Հնդկաստանի հետ։ Պակիստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ Ինդոսի գետի հոսքի դադարեցումը կամ փոփոխությունը կընդունեն որպես պատերազմի ակտ։
Սահմանային լարվածությունը, դիվանագիտական և տնտեսական քայլերի կտրուկ սրումը վկայում են, որ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններն առավել վտանգավոր փուլ են մտել։
