ՀայաստանՍոցիալական

Հանրակացարաններում բնակվող ընտանիքներին կտրվեն սեփականության վկայականներ

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն՝ հանրակացարանային բնակարանային ֆոնդում բնակվող որոշ ընտանիքներ կկարողանան իրենց զբաղեցրած բնակելի տարածքները ստանալ սեփականության իրավունքով։ Որոշումն ուղղված է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովմանը։

Ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի, Երևանի Մոլդովական փողոցի, Երևանի Շիրակի փողոցի հանրակացարաններում բնակվող քաղաքացիները դիմել են Պետական գույքի կոմիտե և խնդրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին։ Տարածքների ճշգրտման արդյունքում հնարավոր են մակերեսների որոշ տարբերություններ, ուստի նախատեսվում է, որ պայմանագրերի կնքման հիմքում կդրվի պաշտոնապես գրանցված հատակագծի մակերեսը՝ մինչև 3 տոկոս թույլատրելի շեղումով։