ԱռողջությունՀայաստան

Քննարկվում է շտապօգնության մեքենաները տեսախցիկներով կահավորելու հնարավորությունը

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ քննարկվում է շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկներ տեղադրելու հարցը։ Կառավարության անդամների ճեպազրույցների ժամանակ նախարարը նշել է, որ նման քայլը թույլ կտա ունենալ ավելի ամբողջական պատկեր հնարավոր միջադեպերի վերաբերյալ։ Անհրաժեշտ ծրագրերը կմշակվեն 1 ամսվա ընթացքում։

Ավանեսյանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է՝ անկախ այն բանից, թե ով է բռնության հեղինակը կամ զոհը։ Նա հավելել է, որ հետևողականորեն իրականացվում են քայլեր, որպեսզի նման դեպքերում պատասխանատուները պատշաճ պատասխանատվության ենթարկվեն։

Նախարարը նշել է նաև, որ նախարարությունում քննարկվում է շտապօգնության անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հարցը՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

Հիշեցնենք, որ օրերս զինված քաղաքացին հարձակվել էր Աշտարակի շտապօգնության բրիգադի աշխատակիցների վրա՝ վնասվածքներ պատճառելով շտապօգնության վարորդին։ Նախարարը դեպքը դատապարտել է՝ անընդունելի համարելով բուժաշխատողների հանդեպ ցանկացած բռնություն։