ՀայաստանՍոցիալական

Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար:

Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 30-ին բավարարել է գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդությունները՝ կապված Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և նրան կալանքի տակ վերցնելու համաձայնության հետ։

Ավելի վաղ նշել էինք, որ ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Արտուշ Գաբրիելյանի աշխատասենյակում։

Խուզարկությունից հետո Հայաստանի գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու նպատակով։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է։ Կալանավորված երկու անձանցից մեկը դատավորի օգնականն է, որը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ, իսկ կալանավորված մյուս անձն, ըստ քրեական գործի, կաշառք տվողն է։