
Ոստիկանը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ․ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են
Արմավիրի մարզում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ ենթադրյալ բռնության տեսարանը տարածվել է սոցցանցերում։ Տեսանյութը հրապարակել է փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ պնդելով, որ իր պաշտպանյալը ոստիկանների կողմից ենթարկվել է բռնության թե՛ տանը, թե՛ ոստիկանությունում։
Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով,– գրել է Ղարագյոզյանը Facebook-ում՝ հավելելով, որ իր պաշտպանյալը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ ինքը՝ Ներքին գործերի նախարարություն և Մարդու իրավունքների պաշտպան։
Փաստաբանը նաև հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում, ըստ նրա, տեսանելի են ոչ միայն բռնության հետևանքները, այլև հենց բռնության տեսարանը։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք’ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Ոստիկանների գործողությունների իրավաչափությունը ներկայումս ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից։