ԱռողջությունՀայաստան

Հայաստանում պատվաստումների շնորհիվ վարակիչ հիվանդությունների դեպքերը նվազել են

Հայաստանում 20 վարակիչ հիվանդություն այսօր կառավարվում է պատվաստումների միջոցով։ Ինչպես նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը՝ երկրում մեկ տարեկան երեխաների պատվաստման ընդգրկվածությունը հասել է 93 տոկոսի, իսկ ջրծաղիկի դեմ նոր ներդրված պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին 16 տարում չեն գրանցվել կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, իսկ պոլիոմիելիտի վերջին դեպքը եղել է 1995-ին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դատտան, անդրադառնալով պատվաստումների համաշխարհային նշանակությանը, նշեց, որ դրանց շնորհիվ փրկվել է 154 միլիոն կյանք։ Նա ընդգծեց, որ ցանկացած երեխա, անկախ ծննդավայրից, իրավունք ունի ստանալ պատվաստումներ։

Նրա խոսքով՝ պատվաստումների ծրագիրը վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակներին․ Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, իրականացվում է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստում։

Դատտան նշեց, որ պատվաստումների վերաբերյալ հասարակության հարցերն ու մտահոգությունները բնական են, սակայն դրանց պատասխանները պետք է ստանալ միայն կոմպետենտ աղբյուրներից՝ բուժաշխատողներից ու առողջապահական մարմիններից։ Նա հավելեց, որ պատվաստումները կանխում են հիվանդացությունը, հոսպիտալացումը և նվազեցնում են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։