ՀայաստանՊատահար

Վթար Իջևան-Դիլիջան ճանապարհին․ տուժածներից 4-ը երեխաներ են

Այսօր՝ մայիսի 4-ին, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մերձակայքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում՝ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կիլոմետրի սահմաններում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ճամփեզրին։

Վթարի հետևանքով տուժել է 7 մարդ, որոնցից 4-ը՝ երեխաներ։

Դեպքի վայրում գտնվող մարդիկ տեղում արձագանքել են՝ վարորդին և ուղևորներին օգնություն ցուցաբերելով մինչև փրկարարների ժամանումը։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն՝ համապատասխան բուժօգնություն ստանալու։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը՝ բացառելով հնարավոր երկրորդական վտանգները։

Թե ինչն է դարձել վթարի պատճառը՝ արագությունը, անբարենպաստ եղանակը, թե ճանապարհի վիճակը, այս պահին պաշտոնապես չի հաղորդվում։ Մանրամասները ճշտվում են։

Սեդա Մարտոյան