
Երևանում օդի որակը ապրիլին բարելավվել է․ քաղաքապետարանը ներկայացրել է նոր տվյալներ
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հրապարակվեցին մայրաքաղաքի օդի որակի վերաբերյալ ապրիլ ամսվա ցուցանիշները։
Ըստ այդմ՝ PM2,5-ի ցուցանիշների համար, որը օդում պարունակվող մանր փոշու մասնիկ է, միջինացված արժեքը եղել է 61, PM10-ի համար՝ 22, ինչը «լավի» և «չափավոր լավի» միջակայքում է:
Այս տվյալները ստացվել են 173 կայաններից, որոնք հիմնականում տեղադրված են օդի աղտոտման բարձր ռիսկ ունեցող վայրերում՝ շինհրապարակներում։ Այս տվյալները արձանագրել են որոշակի դրական միտում՝ համեմատած նախորդ ամիսների ցուցանիշների հետ։
Համեմատության համար՝ ըստ Երևանի քաղաքապետարանի և բնապահպանական կազմակերպությունների տվյալների՝ Հունվարին PM2.5-ի միջինացված ցուցանիշը հասել էր 149, իսկ PM10-ը՝ 104, ինչը համարվում է «անառողջ»՝ հատկապես զգայուն խմբերի (երեխաներ, տարեցներ, շնչառական խնդիրներ ունեցողներ) համար։
Փետրվարին իրավիճակը մնում էր մտահոգիչ, չնայած նվազման միտում կար։ Մարտին որոշակի կայունացում էր նկատվում, սակայն ցուցանիշները դեռևս բարձր էին՝ մոտ 80–90 PM2.5-ի դեպքում։
Օդի աղտոտվածության նվազման պատճառ կարող է լինել այն, որ մարդիկ ջեռուցման նպատակով այլևս չեն օգտագործում վառելիքի տարբեր տեսակների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանն օդում։