ՀայաստանՍնունդ

Չնայած փակման որոշմանը՝ սննդի կետը շարունակել է աշխատել սանիտարական խախտումներով

Երևանում գործող «Կամուրջ» հանրային սննդի կետը շարունակում է ընդունել հաճախորդների՝ չնայած Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկության գործունեությունը կասեցնելու որոշում էր ընդունել։

Տեսչական մարմինը դեռ ապրիլին քաղաքացիների ահազանգի հիման վրա արձանագրել էր լուրջ սանիտարահիգիենիկ խախտումներ։ Սակայն քաղաքացիները կրկին ահազանգել են, որ սննդի կետը գործում է ինչպես նախկինում՝ առանց խախտումները վերացնելու։

Վերահսկիչ մարմինը նոր ստուգում է իրականացրել և հաստատել, որ խախտումները չեն լուծվել, իսկ «Կամուրջը» շարունակել է աշխատել՝ անտեսելով կասեցման մասին որոշումը։

«Սերոբ» ՍՊԸ-ն, որը տնօրինում է «Կամուրջը», ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Այն, որ պետական գերատեսչությունները ընկերությունների աշխատանքի կասեցման, փակման վերաբերյալ որոշումներ են ընդունում, դա փաստ է։ Սակայն հետագայում ինչպես են հետևում իրենց ընդունած որոշման իրականացմանը, մնում է օդից կախված։ Նման գործունեության արդյունքում վտանգվում են մարդկանց կյանքեր։ Դրա օրինակներ են անօրինական գործող գազալցակայանների պայթյունները, որոնց զոհ են գնում տասնյակ մարդիկ։ Սա նշանակում է, որ ոլորտը փոփոխությունների կարիք ունի։ Խնդիրները արձանագրելով դրանք հնարավոր չէ լուծել։ Անհրաժեշտ է մինչև վերջ հետևողական լինել և հետևել այդ գործընթացին։