
Երևանի 11-րդ մետրո կայարանը իրականություն կդառնա՞
Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը նախատեսում է մայիսի ավարտին հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում նոր մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային նախագծի մրցույթ։
Դեռևս պարզ չէ, թե որտեղ է գտնվելու Սուրմալու կայարանը։ Քննարկվում է, որ այն կգործի երկու մետրոյի կայարանների՝ «Սասունցի Դավիթի» և «Զորավար Անդրանիկի» միջև։ Սակայն հայտնի է, որ մուտք կլինի երկու առևտրի կենտրոններից՝ «Սուրմալուից» և «Փեթակից»։
Ավարտված ներդրումային ծրագիրը այս շաբաթ կուղարկվի կառավարության քննարկմանը։ Մշակվել են տեխնիկատնտեսական հիմնավորման մրցույթի տեխնիկական բնութագրերը։ Մինչև մայիսի վերջ կհայտարարվի նախագծի մրցույթը։
Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը նախատեսված էր հայտարարել մինչև 2024 թվականի ավարտը, սակայն մետրոյի կառուցման քննարկումները սկսվել են դեռևս 2018 թվականից։ Առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր դեռևս 2023 թվականի նոյեմբերին։