
Սերժանտների աշխատավարձերը կարող են զգալիորեն բարձրանալ
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է սահմանել գլխավոր շտաբի, բանակի և կորպուսի սերժանտների պաշտոններ՝ միաժամանակ փոփոխելով նրանց վարձատրության կարգը։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել է Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի կողմից։
Ըստ առաջարկության՝ սերժանտների աշխատավարձը կտարբերվի՝ կախված նրանց ծառայության տեղակայման վայրից՝ շտաբներում կամ առաջնագծում։ Նախագծով սահմանվում է նվազագույն աշխատավարձը՝ 220 հազար դրամը, որը կարող է հասնել մինչև 490 հազար դրամի՝ ատեստավորման արդյունքում «լավ» գնահատական ստանալու դեպքում։
Նշենք, որ Հայաստանի զինված ուժերում նախատեսվում է սահմանել Գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ։
Վերջերս Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը առաջարկել էր վերանայել զինվորականների վարձատրման մեխանիզմը՝ առաջարկելով աշխատավարձերի բարձրացումը չկապել ատեստավորման արդյունքների հետ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտնած տվյալների համաձայն՝ 2024 թվականին 13․500 զինծառայող է հանձնել ատեստավորում։ Նրանց աշխատավարձը դարձել է 470․000 դրամ։ Նախկինում այն 205․000 դրամ էր։ Ատեստավորում հանձնած զինծառայողների միայն 57 տոկոսը կամ մոտավորապես 7․700 զինծառայող է կարողացել դրական գնահատական ստանալ։