
Հայաստանի կառավարությունն առաջարկում է խստացնել ձկնաբուծարանների կառուցման թույլտվությունների տրամադրման գործընթացը
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ կասեցնելու ձկնաբուծարանների անվան տակ հողերի ապօրինի հորմանն ու բնությանը հասցվող վնասները։ Նախատեսվում է փոխել 2015 թվականին ընդունված որոշումներից մեկը՝ սեղմելով թույլտվությունների տրամադրման ընթացակարգը։ Կբացառվի Արարատի և Արմավիրի մարզերի որոշ համայնքներում ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով շինարարական թույլտվությունների տրամադրումը, իսկ հանրապետության այլ տարածքներում այն կտրամադրվի միայն վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության պարագայում։
Ծրագիրն այն դեպքերին է վերաբբերում, երբ մարդիկ ձկնաբուծարան կառուցելու նպատակով ստանում են թույլտվություն, բայց իրականում կատարում են միայն հորման աշխատանքներ և շինարարությունն ընդհատում։ Արդյունքում առաջանում են ճահճապատ տարածքներ, իսկ պետությունը տուժում է թե՛ ֆինանսապես, թե՛ բնապահպանական առումով։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ ձկնաբուծարանների շինարարություն սկսելու համար պարտադիր կլինի ներկայացնել վավեր ջրօգտագործման թույլտվություն։ Այս քայլը հատկապես կարևոր է Արարատյան դաշտի համար, որտեղ արդեն իսկ արգելված է նոր հորատանցքներից ջուր օգտագործելը ձկնաբուծության նպատակով։ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։