ԱշխարհԱրցախՄշակույթՍփյուռք

Շուշիից՝ Բատայսկ. Նելսոն Ստեփանյանի ավերված կիսանդրու վերածնունդը

Սփյուռքում երբեմն տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դուրս են գալիս տեղական համայնքային շրջանակներից և հնչեղություն են ստանում համահայկական հարթության վրա՝ դառնալով մեր ազգային հիշողության վերականգնման ու պահպանման խորհրդանիշ։

Մայիսի 5-ին, Հաղթանակի տոնին ընդառաջ, Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում տեղի ունեցավ բացառիկ խորհուրդ ունեցող արարողություն՝ վերականգնվեց լեգենդար հայ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ավիրված հուշարձանը։ Նոր տեղադրված կիսանդրին ճշգրիտ պատճենն է Շուշիում կանգնեցված կիսանդրու, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից վերացվել էր։

Նելսոն Ստեփանյանը՝ իր հերոսական կենսագրությամբ, հանդիսանում է հայ ժողովրդի պատվախնդրության, հայրենասիրության և միջազգային հակաֆաշիստական պայքարի խորհրդանիշ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կատարել է բազմաթիվ մարտական թռիչք, ոչնչացրել տասնյակ նացիստական նավեր ու տեխնիկա և վաստակել է «Բալթիկի բազե» անունը։ Նրա անունը վախ էր սերմանում ֆաշիստական զորքի շրջանում։

Բատայսկում Նելսոն Ստեփանյանի կիսանդրու հետ մեկտեղ տեղադրվել են նաև Խորհրդային միության կրկնակի երկու այլ հերոսների՝ Նիկոլայ Սկոմորոխովի և Վիտալի Պոպկովի կիսանդրիները։ Երեքն էլ եղել են Բատայսկի ավիացիոն ուսումնարանի շրջանավարտներ և իրենց սխրանքներով անմոռանալի էջ են գրել Հայրենական պատերազմի պատմության մեջ։ Այս առաքելությունը նախաձեռնել և իրականացրել է «Դոնի Նոր Նախիջևան» հայկական համայնքը՝ նախագահ Հարություն Սուրմալյանի առաջնորդությամբ։ Համայնքը ոչ միայն հանդես է եկել որպես նախաձեռնող, այլ նաև որպես արժեքային դիրքորոշում ունեցող միավոր, որը պայքարում է պատմական հիշողության, մշակութային շարունակականության և ինքնության պահպանման համար։ Սուրմալյանի անձնական ներգրավվածությունը նախաձեռնության կազմակերպման, պաշտոնական մակարդակում համագործակցության և համայնքային համախմբման գործում առանցքային նշանակություն է ունեցել։

«Այս հուշարձանը ոչ միայն Նելսոն Ստեփանյանի հիշատակն է՝ վերածնված ավերվածության մոխիրներից, այլ նաև բոլոր նրանց հիշողության վերականգնումը, ում հերոսությունն ի վերուստ պարտադրում է պատասխանատվություն պատմության առաջ», — շեշտել են նախաձեռնողները։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, Պետդումայի պատգամավոր Անտոն Գետտան, ՀՀ գլխավոր հյուպատոսը Հարավային և Հյուսիսային Կովկասում Լևոն Մինասյանը, ինչպես նաև տեղի դիասպորալ տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Այս նախաձեռնությունը նոր որակ է հաղորդում Սփյուռքի գործունեությանը՝ ցույց տալով, որ պատմական արդարության վերականգնումը կարող է մեկնարկել ոչ միայն պետական, այլև համայնքային մակարդակից՝ երբ կա արժեքների կրող, հիշողության պահապան, ինքնության համար պատասխանատու կառույց։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով