ՀայաստանՍպորտ

Հայ մարզիկների պատմական արդյունքը՝ երկու բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում էր 54 երկրից շուրջ 1000 մարզիկ։ Հայաստանը ներկայացնում էին 10 մարզիկներ՝ 6 տղամարդ և 4 կին։

Հայաստանը տնային Եվրոպայի առաջնությունում երկու բրոնզե մեդալ հաղթեց։ Առաջին բրոնզը նվաճեց կումիտե մարտարվեստում -84 կգ քաշային կարգում Գոռ Ներսիսյանը։ Նա վճռորոշ գոտեմարտում տատամիի վրա 5։2 հաշվով առավելության հասավ Սլովակիան ներկայացնող Շիմոն Շեչկարի նկատմամբ։

Հայաստանի երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց Յուրա Զալյանը։ 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցիչ Իսլամ Սելմանի նկատմամբ:

Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը Եվրոպայի առաջնությունում ընտրանու երկու բրոնզե մեդալը համարում է երկար տարիների աշխատանքի արդյունք: Ըստ նրա՝ Հայաստանը իսկապես պատմական արդյունք գրանցեց Եվրոպայի այս առաջնությունում։ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հրաշալի մեկնարկ է համարում երկու տարի անց կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնության համար:

Նշենք, որ թիմային հաշվարկով առաջնության լավագույն ընտրանին Գերմանիան էր։ Նրանք 3 ոսկե ու 4 բրոնզե մեդալ էին նվաճել։ Երկրորդը Իտալիան էր (2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ), երրորդը՝ Իսպանիան (2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ)։