
Մայիսին Հայաստանում կմեկնարկեն մելանոմայի վաղ հայտնաբերման անվճար զննումներ
Մելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է, որի վաղ հայտնաբերումը բառացիորեն կարող է կյանք փրկել։ Ամբողջ աշխարհում մայիսը նշվում է որպես մելանոմայի դեմ պայքարի ամիս, որի շրջանակում բազմաթիվ երկրներում անցկացվում են իրազեկման արշավներ, անվճար հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ։ Հայաստանում ևս այս տարի նախաձեռնվել է կարևոր արշավ, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ապահովել հիվանդության վաղ հայտնաբերման հնարավորությունը՝ հատկապես մարզերում։
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մայիսին ողջ հանրապետությունում մաշկաբանական անվճար հետազոտություններ կիրականացվեն։ Ինչպես հայտնեց նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանը, մասնագիտական շրջիկ խմբերը այցելելու են Հայաստանի տարբեր մարզեր։
Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին դիմել իրենց տարածքային բուժհաստատություններ, հետաքրքրվել, թե երբ են մեր խմբերը լինելու տեղում ու անպայման օգտվել անվճար հետազոտության հնարավորությունից։ Մենք պատրաստ ենք ընդունել այնքան բուժառու, որքան կդիմեն,– նշեց նա։
Հովհաննիսյանը ընդգծեց, որ մելանոման հաճախ մաշկի վրա կարող է հայտնվել որպես փոքր, անվնաս թվացող խալի ձև, առանց որևէ ցավի կամ արտահայտված ախտանիշի։ Սակայն հենց այս հանգամանքն էլ վտանգավոր է դարձնում հիվանդությունը, քանի որ այն կարող է արագ տարածվել և ախտահարել ներքին օրգանները։
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան մելանոմայի մոտ 60-70 դեպք է ախտորոշվում։ Սակայն այս թվերը իրական պատկերը չեն արտացոլում։
Սա թերի վիճակագրություն է, որովհետև երբեմն քաղաքացիներն առանց համապատասխան մասնագետի խորհրդի դիմում են կոսմետոլոգիական կենտրոններ, որտեղ պարզապես այրում են խալերը՝ առանց պատշաճ ախտորոշման։ Այսպիսով բաց են մնում բազմաթիվ դեպքեր, որոնք այլապես պետք է հայտնվեին ուռուցքաբանի կամ մաշկաբանի վերահսկողության ներքո, – նշեց Գեոկչյանը։
Նրա փոխանցմամբ՝ եթե մելանոման հայտնաբերվում է առաջին փուլում, ապա բուժման արդյունավետությունը գերազանցում է 95%-ը։ Իսկ երբ հիվանդությունն ախտորոշվում է չորրորդ փուլում, բուժված անձանցից միայն 20%-ն է ապրում հինգ տարի։
Մասնագետները պնդում են, որ մելանոմայից պաշտպանվելու ամենահզոր միջոցը կանխարգելումն է։ Խորհուրդ է տրվում պարբերաբար զննել մաշկը, հետևել խալերի փոփոխությանը և խուսափել արևի երկարատև ազդեցությունից։
Խորհուրդ է տրվում նաև օգտագործել արևապաշտպան քսուքներ, և խոսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապետ՝ կեսօրին։