Ինչքան շատ վճարես, այնքան քիչ կծառայես․ իշխանությունը նոր ծրագիր է առաջարկում
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ 18 տարին լրացած քաղաքացիները կկարողանան ընտրել ժամկետային զինծառայության անցնելու ձևաչափը։ Նա առաջարկել է կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։
Ըստ առաջարկի՝ զինծառայողները կարող են 24 ամիս ծառայել բանակում և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Այսինքն՝ ինչքան շատ վճարես, այնքան քիչ կծառայես։
Արդյունքում՝ հավաքված գումարները պետք է փոխանցվեն բանակների կարիքների բարելավմանը։ Ծառայության դիմաց վճարած քաղաքացիների փոխարեն կծառայեն բանակ մտնելու ցանկություն հայտնած պայմանագրային զինծառայողները։
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայում շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինվոր զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում,- ասաց Սարգսյանը։
Նշենք, որ ներկայում նման տարբերակից կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։
