ԿրթությունՀայաստան

Հայաստանը արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը մայիսի 5-13-ը Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքում անցկացված Քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել է արծաթե մեդալ։ Արման Խառատյանը առաջ է անցել իր մյուս մրցակիցներին և պարգևատրվել արծաթե մեդալով։

Հայաստանը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը։ Թիմի ղեկավարն էր Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով՝ երկու տեսական և մեկ փորձնական։ Ընդհանուր առմամբ՝ օլիմպիադային մասնակցել են 40 երկրի 190 մասնակիցներ։

Հիշեցնենք, որ նախորդ՝ 58-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Չինաստանի Շենչժեն քաղաքում, մեր թիմը նվաճել էր մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ։ Ընդհանուր առմամբ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմը նվաճել է 45 մեդալ, որոնցից 1 ոսկե, 9 արծաթե և 35 բրոնզե։