
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սեյրան Օհանյանի որդու նկատմամբ Լելե-Թեփեի օպերացիայի գործով
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել գնդապետ Արթուր Օհանյանի նկատմամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Լելե-Թեփեի ուղղությամբ գործողության ձախողման փաստով։
Ըստ դատախազության՝ Արթուր Օհանյանը, որպես N զորամասի հրամանատար, հոկտեմբերի 6-ին ստացել է Պաշտպանության բանակկի հրամանատարի հրահանգը՝ հարձակման անցնել Հորադիզի արևմտյան՝ Լյալյա-Իլյագի բարձունքի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը։ Սակայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, հակահարձակման ընթացքում նա չի պահպանել զինվորական կարգապահությանն առնչվող իրավական պահանջները՝ առաջնորդելով գործող ստորաբաժանումները մարտական առաջադրանքը ձախողելու։
Հայտնի է, որ Օհանյանի հրամանատարության ներքո գործող ստորաբաժանումները մարտական խնդրի կատարման վայր են հասել ուշացումով, թերի սպառազինությամբ և անձնակազմով։ Դատախազության տվյալներով՝ խնդիրն առաջացել է սխալ մարտավարության, ղեկավարման խաթարման և այլ գործոնների արդյունքում։
Նույն քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել նաև փոխգնդապետ Գ. Ա.-ի և Գ. Մ.-ի նկատմամբ։ Գ. Ա.-ն, ըստ մեղադրանքի, զենք-զինամթերքի հաշվարկի պատրվակով խուսափել է մարտական գործողություններից և իր ստորաբաժանմանը հրամայել է հետ շրջվել՝ չկատարելով մարտական առաջադրանքը։
Գ. Մ.-ն, որի տանկը կողաշրջվել է հակատանկային խանդակն անցնելիս, ըստ դատախազության, հնարավոր մարտական գործողություններից խուսափելու դիտավորությամբ մնացել է տեղանքում և միջոցներ չի ձեռնարկել գործողությունները շարունակելու համար։
Արթուր Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ռազմական դրության ժամանակ անփույթ վերաբերմունք՝ առաջացնելով ծանր հետևանքներ»։ Գ. Ա.-ի և Գ. Մ.-ի նկատմամբ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ»։
Այս գործով քննությունն ընթացքի մեջ է։