
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Իրանում էր․ ի՞նչ է քննարկվել Իրանի նախագահի հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 18-ին Թեհրանում մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025» միջոցառմանը։ Նա հանդես է եկել հարց ու պատասխանի ձևաչափով՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնական ուղղությունները։
Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը հետևում է քաղաքական բազմավեկտոր մոտեցմանը՝ կառուցելով հարաբերություններ բոլոր պետությունների հետ՝ առանց բացառության։ Նա նաև կարևորել է հայ-իրանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով առկա համագործակցության հնարավորությունները։
Քարտուղարը խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
Իրանի աշխատանքային այցի շրջանակում Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Քննարկվել է երկու երկրների փոխգործակցությունը, արձանագրվել հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր բարեմաղթանքները։