ՀայաստանՏնտեսություն

Հայկական ապրանքներն Իրանում կդառնան մրցունակ․ ազատ առևտրի համաձայնագիրը կմեղմի մաքսային բեռը

Մայիսի 15-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրները, մասնավորապես Հայաստանը, ապրանքային անվանացանկի գրեթե 88%-ի արտահանման համար ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ։ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ հայկական կողմը տարեկան շուրջ 11 միլիոն դոլարի խնայողություն կունենա՝ մաքսատուրքերի վերացման ու նվազեցման շնորհիվ։

Նախագծով Իրանը զրոյացնում կամ նվազեցնում է մաքսատուրքերը մի շարք ապրանքների վրա, որոնք Հայաստանը նախկինում արտահանել է դեպի այդ երկիր՝ զգալի մաքսային վճարներով։

Արտոնյալ պայմաններով Իրանի շուկա կմտնեն հայկական գյուղատնտեսական մթերքներ, գազավորված և հանքային ջրեր, ոչ ալկոհոլային խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, ինչպես նաև արդյունաբերական ապրանքներ՝ հանքաքար, պղնձի անոդներ, արծաթե իրեր, գոլորշու գեներատորներ և այլն։ Իրանական շուկա մուտքը կազատականացվի նաև էլեկտրաէներգիայի, մարտկոցների համար, բացի այդ կնվազեցվեն Իրան ոսկերչական իրերի և դեղամիջոցների ներմուծման մաքսատուրքերը:

Համաձայնագրի շրջանակում արտոնություններ կտրամադրվեն Հայաստանից արտահանվող ապրանքների գրեթե 97.6 տոկոսի համար, որոնց տարեկան արժեքը կազմում է մոտ 97 միլիոն դոլար։

Բացի դրական ազդեցությունից արտահանման ծավալների վրա, ազատ առևտրի համաձայնագիրը կարող է խթանել նաև երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնումը։ Սակայն որոշ ապրանքների, օրինակ՝ սմբուկի, սեխի, ձմերուկի և պղպեղի համար, պահպանվելու են սեզոնային սակագնային քվոտաներ։