
Հայաստանի «կանաչ» էներգետիկան զարգանում է արագ տեմպերով
Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտը շարունակում է ընդլայնվել կայուն և արագ տեմպերով։ Ինչպես հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ընթացիկ բոլոր ծրագրերի ավարտից հետո երկրի փոքր հիդրոէլեկտրակայանների քանակը կհասնի 207-ի՝ 467 մեգավատ ընդհանուր հզորությամբ։ Միաժամանակ, արդյունաբերական արևային էլեկտրակայանների թիվը կհասնի 119-ի՝ 577 մեգավատ հզորությամբ։
Զուգահեռաբար, շարունակվում է նաև ինքնավար արևային կայանների՝ բնակելի և արտադրական տանիքներին տեղադրված համակարգերի ակտիվ կիրառումը։ Այսօր արդեն Հայաստանում գործում է շուրջ 31,200 նման կայան՝ 420 մեգավատ ընդհանուր հզորությամբ։ Աճի տեմպը պահպանվում է՝ միջինում ամսական ավելանալով 15 մեգավատով, ինչի շնորհիվ արևային արտադրությունը շուտով կհատի 1000 մեգավատի սահմանը։
2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ արևային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է՝ աճելով 96.7%-ով։
Կառավարության կողմից 2023 թվականին ընդունված էներգետիկ զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրի էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման նվազագույնը 50%-ը պետք է ապահովվի վերականգնվող աղբյուրներից, իսկ մինչև 2040 թվականը՝ 60%-ը։ Մինչդեռ արդեն 2025 թվականի մարտի դրությամբ վերականգնվող էներգիայի բաժինը կազմել է 38.1%։