ԿրթությունՀայաստան

Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները շարունակում են բախվել տրանսպորտի լուրջ խնդիրների

Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված Երևանի թիվ 17 հատուկ դպրոցը ամիսներով մնացել է առանց աշխատող տրանսպորտի։ Դպրոցին կցված երկու «Գազել» ավտոմեքենաներն արդեն երկար ժամանակ վերանորոգման կարիք ունեն, իսկ նոր մեքենաներ չեն տրամադրվում։

Երեխաների ծնողները պատմել են, որ տրանսպորտի բացակայության պատճառով ուսումնական գործընթացը հաճախ խափանվում է։ Ծնողներից մեկը նշում է, որ արդեն վեց տարի է՝ հաճախում են այս դպրոց, և նույն խնդիրը չի փոխվում։ Երբ մեքենան չի աշխատում, երեխաները մնում են տանը։ Ու եթե ծնողը աշխատող է, անհնար է կազմակերպել դասի գնալը։

Դպրոց հաճախում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլև մանկատան երեխաներ։ Ծնողները նշում են, որ երկու մեքենայով հնարավոր չէ սպասարկել ավելի քան 100 երեխայի։ Ծնողներից մյուսը հավելում է, որ երեկոյան ժամերին տրանսպորտում տեղ չի լինում, իսկ սայլակով երեխաներին տեղափոխելն անհնար է դառնում։ Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Մանվելյանն ընդգծել է, որ վերջին երեք տարում բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն արդյունք չի եղել։

Ծնողները հիշեցրել են, որ երբ 2023-ի ապրիլին կառավարությունը արգելեց պետական հաստատությունների համար բարեգործական աջակցությունը, դպրոցի ղեկավարությունը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով, որպեսզի «Գրանդ Քենդի» ընկերությունը կրկին նվիրաբերի մեքենաներ։ Նախարարությունից պատասխանել են, որ տրանսպորտի ապահովումը դպրոցի խնդիրը չէ, և հաստատությանն արդեն հատկացվել է վարորդի հաստիք։

Ծնողները դիմել են նաև Երևանի քաղաքապետարան և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, սակայն երեք տարի շարունակ խնդիրը մնում է անլուծելի։