
Հայաստանն ու Թուրքիան համատեղ ֆիլմ կնկարահանեն պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կենսագրական ֆիլմ կնկարահանեն պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին։ Ֆիլմն անվանակոչված է «Բարև» և դիտարկվում է որպես երկու երկրների միջև մշակութային համագործակցության եզակի օրինակ՝ դիվանագիտական լարվածության ֆոնին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագիծը ստացել է իրավունք Կաննի կինոփառատոնի Marché du Film հարթակում մասնակցելու՝ հայկական «Anso Films» ընկերության և թուրքական «Kara Kedi Film»-ի ստորագրած համաձայնագրի հիման վրա։
Ֆիլմի ռեժիսորներն են Էլա Ալյամաչը և Արեն Պերդեչին, որոնք հայտնի են նաև «Կորուսյալ թռչուններ» ֆիլմով՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը։ Նրանք հայտնել են, որ սցենարը համահեղինակել են դեռ Արա Գյուլերի հետ նրա կենդանության օրոք։
Նախագծին աջակցում են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, Կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչությունը, պետական TRT հեռուստաընկերության 12 Punto հարթակը, ինչպես նաև Արա Գյուլերի թանգարանը և արխիվային կենտրոնը։ Ֆիլմում նախատեսվում է օգտագործել լուսանկարչի անձնական օբյեկտիվները, որոնք հատուկ մշակման կենթարկվեն Panavision ընկերության կողմից։ Դերասանական կազմի և նկարահանումների մեկնարկի մասին մանրամասներ դեռ չեն հրապարակվել։