ՀայաստանՍոցիալական

Թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են

2024 թվականին առգրավվել և փորձաքննության է ուղարկվել 446 կիլոգրամ 563 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։

2025 թվականի առաջին եռամսյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 982 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա 1130-ի փոխարեն։ Դեպքերը նվազել են 13%-ով։

Ընդհանուր առմամբ 2025 թվականի առաջին եռամսյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով պատասխանատվության է ենթարկվել 324 անձ նախորդ տարվա 301-ի դիմաց։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր ուղղություններից մեկը մնում է դրանց իրացումը։ Այս ճյուղում նույնպես նկատվում է դրական դինամիկա։ Եթե 2023 թվականին արձանագրվել էր թմրամիջոցների իրացման 2802 դեպք, ապա 2024-ին այդ թիվը կազմել է 1910՝ նվազելով 802-ով։ Մասնավորապես, նվազման հիմնական շեշտը դրվել է առանձնապես ոչ խոշոր չափերով իրացումների վրա, որոնք հաճախ հանդիսանում են սկիզբ՝ հետագա խոշոր հանցախմբերի բացահայտման համար։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը արձանագրում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածներով 2024 թվականին պատասխանատվության է ենթարկվել 1228 անձ, որոնցից անչափահաս հանդիսացել են 7-ը։ Նա նշում է, որ անգամ մեկ անչափահասի ներգրավվածությունը նման հանցագործություններում լուրջ խնդիր է հանդիսանում, սակայն տարածված կարծրատիպը, որ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մեծ տարածում ունի, այդքան էլ ճիշտ չէ։

Հիշեցնենք, որ անչափահասների մասնակցությամ թմրամիջոցների շրջանառության հետ կապված վերջին դեպքը տեղի էր ունեցել Մղչյան գյուղում։ Դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ չորս ամիս շարունակ հետապնդել էին 4-րդ դասարանի երկու երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, լցրել բերանն ու այդպիսով կախվածություն առաջացրել:

Սեդա Մարտոյան