ՀայաստանՍոցիալական

Երևան-Բաթումի միջազգային գնացքը կվերսկսի աշխատանքները հունիսի 14-ից

Հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ Գնացքը կաշխատի օրումեջ՝ զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Երթուղու գործարկման ընթացքում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը։ Բացի այդ, ամառային ամիսներին կգործի նաև Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացք։

Նոր սեզոնային երթուղու գործարկման պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։

Երևան-Բաթումի գնացքը կունենա ժամանակակից վագոններ։ Ճանապարհի տևողությունը կկազմի մոտ 16 ժամ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սահմանային և մաքսային ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, ինչպես նաև զբոսաշրջային գնացքի գործարկման նախագիծ՝ չեխական «Gepard Express» ընկերության նախաձեռնությամբ։ Նախագիծը նախատեսում է 9-օրյա երթուղի՝ 3 օր Հայաստանով և 6 օր Վրաստանով՝ եվրոպացի զբոսաշրջիկների համար։