
Կառավարությունը շինարարական և հանքարդյունաբերական ընկերություններին կպարտադրի կիրառել փոշեճնշիչ սարքավորումներ
Առաջիկա հինգ տարիներին Հայաստանը կստանա մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի նոր, ժամանակակից համակարգ, քանի որ ներկայումս գործողը հստակ պատկեր չի տալիս օդի աղտոտվածության պատկերի վերաբերյալ։ Բացի այդ՝ նոր կանորններ են սահմանվել նաև շինարարական և հանքարդյունաբերական ընկերությունների համար․ պարտադիր կդառնա փոշեճնշիչ սարքավորումների օգտագործումը։ Օրենքը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ կտուգանվեն։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ 2024 թվականին երկու մոնիթորինգային դիտակայան է ձեռք բերվել և այժմ տեղադրման փուլում է։
Ըստ այս նախագծի՝ առաջիկա 5 տարիներին Հայաստանում պետք է օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք բերենք, որոնցից 2-ն արդեն ձեռք է բերվել: Երևանում անհրաժեշտ է 6 դիտակայան, որից 2-ն ունենք, 3-ի շուրջ մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք: Հույս ունեմ՝ 2026 թվականի սկզբին ևս 3-ը ձեռք կբերենք Երևանի համար, կմնա 1-ը: Հանրապետության մյուս մասերի համար դեռ 8 դիտակայան պետք է ձեռք բերենք: Նաև 2 շարժական դիտակայան պետք է ձեռք բերենք, որն արտակարգ դրության դեպքում պետք է տեղակայվի տվյալ հատվածում, և մոնիթորինգ իրականացվի:
Ծրագիրը ներառում է նաև նոր ռեֆերանս լաբորատորիաների հիմնում, սարքավորումների ճշգրտման համակարգի ներդրում և նույնիսկ կանաչ տարածքների ավելացում։ Սիմիդյանի խոսքով՝ միայն Երևանում պետք է ստեղծվի առնվազն 41 հեկտար նոր կանաչ գոտի։