ԱշխարհԿրթություն

Թրամփի վարչակազմը արգելել է Հարվարդի համալսարանին ընդունել օտարերկրյա ուսանողների

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հրամանով կասեցվել է Հարվարդի համալսարանի արտոնագիրը, որը թույլ էր տալիս իրականացնել ուսանողների փոխանակման միջազգային ծրագրեր։ Այս որոշման արդյունքում համալսարանն այլևս չի կարող օտարերկրացի ուսանողներին տրամադրել ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր։

Ներկայում Հարվարդում սովորում է մոտ 7000 օտարերկրյա ուսանող՝ ավելի քան 140 երկրից, ովքեր կազմում են ուսանողների ընդհանուր թվի շուրջ մեկ քառորդը։ Հարկ է նշել, որ համալսարանում 11 հայ ուսանող կա։

Նոր սահմանափակումների համաձայն՝ օտարերկրյա ուսանողները, որոնք արդեն սովորում են Հարվարդում, պետք է փոխեն համալսարանը, հակառակ դեպքում կզրկվեն ԱՄՆ-ում մնալու իրավունքից։

Ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը կայացվել է Հարվարդին ներկայացված մեղադրանքների հիման վրա, որոնք վերաբերում են «բռնության և հակասեմականության խրախուսմանը» և «Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցությանը»։

Իր հերթին Հարվարդի ղեկավարությունը Թրամփի վարչակազմի այս որոշումը որակել է որպես անօրինական և ընդգծել, որ այն խախտում է համալսարանի ակադեմիական և հետազոտական առաքելությունը։ Բացի այդ՝ ապրիլին Հարվարդի համալսարանը հայց էր ներկայացրել դատարան Թրամփի վարչակազմի դեմ, որը սառեցրել էր համալսարանի ավելի քան 2 միլիարդ դոլար պետական ֆինանսավորումը։