ՀայաստանՊատահար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել  Նիկոլ Փաշինյանի դեմ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ՝ հիմք ընդունելով մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով վարույթ հարուցել վարչապետի՝ ընդդիմադիր պատգամավորների հասցեին հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին վարչապետն ու կառավարության անդամները խորհրդարանում պատասխանել են պատգամավորների հարցերին։ Իրավիճակը լարվել է, երբ ընդդիմադիր պատգամավորները հարցրել են՝ ինչու են անպատասխան մնում իշխանական պաշտոնյաներին առնչվող կոռուպցիոն կասկածներ պարունակող մամուլի հրապարակումները։ Ի պատասխան՝ վարչապետը հայտարարել է, որ մամուլը դատական իշխանություն չէ, և եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղին պտի տանի լցնի ԱԱԾ-ի պադվալը»։

Նա նաև ընդդիմադիրներին հորդորել է «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը»՝ նրանց դիմելով «համբալ» բառով։

Ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել բարեվարքության և հարգալից վարքագծի սկզբունքները։ 

Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ պարզելու, թե արդյոք վարչապետի արտահայտությունները խախտել են այս կանոնները։ Նման վարույթներ նախկինում էլ են հարուցվել այլ պաշտոնյաների նկատմամբ՝ օրինակ, Տիգրան Ավինյանի և Հայկ Մարությանի դեմ։

Սեդա Մարտոյան