
Սյունիքի մրազում Շվանիձոր-Նռնաձոր նոր ճանապարհի շինարարությունը ակտիվ փուլում է
Սյունիքի մարզում՝ Արաքս գետի մոտակայքում, կառուցվում է շուրջ 8.5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհ, որը կապահովի Նռնաձոր գյուղի և Մեղրի քաղաքի միջև բնականոն հաղորդակցությունը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է, որ շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում իրականացվում է գրունտային ճանապարհի կառուցումը, իսկ հետագայում նախատեսվում է ճանապարհի ասֆալտապատում:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 2.5 միլիարդ դրամ: Նախարարի խոսքով՝ շինարարական աշխատանքները բավականին ակտիվորեն ընթանում են, և կա հավանականություն, որ շինարարները նախագիծը կհանձնեն նախատեսված ժամկետից ավելի շուտ:
Նշենք, որ Նռնաձոր տանող ներկայիս քարուքանդ ճանապարհը անցնում է նախկին երկաթգծի կողքով, և նոր ճանապարհի կառուցումը էապես կբարելավի տրանսպորտային հասանելիությունը տարածաշրջանում: