ՀայաստանՌազմական

Վճարիր, որ քիչ ծառայես․ նոր նախագիծը քննադատությունների կենտրոնում է

Մայիսի 22-ին Կառավարության հաստատած նախագծով Հայաստանի զինված ուժերում, վճարելով 24 միլիոն դրամ, հնարավոր է ծառայել ընդամենը 1 ամիս կամ վճարել 18 միլիոն դրամ՝ ծառայելով 4 ամիս։ Նախագծի հաստատումը քննարկումների առիթ դարձավ հասարակության շրջանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով առաջարկված նախագծի հեղինակն է, մի քանի նպատակ է նշել․ զորակոչվողների թվի ավելացում, զինվորական ծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, զորակոչից խուսափման դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում։

Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ մեծամասամբ հսկայական կարողություն ունեցող և հարկատուների առաջին հազարյակում ընդգրկված ընտանիքների երեխաները բանակ չեն զորակոչվում: Այդ տեղեկությունը ստացել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում:

Հայտարարությանն ի պատասխան՝ ՊՆ-ն չի հաստատել պատգամավորի խոսքերը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, նախարարությունը նման հաշվառում չի իրականացնում և այլ տեղեկություններ չունեն։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մեկնաբանել է քննարկվող օրինագիծը։ Նա կարծում է, որ գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման։

Անահիտ Մանասյանն առաջարկում է հիմնավորումներում ներկայացված խնդիրները պետության կողմից լուծել այլ՝ համաչափ միջոցներով՝ պետության անվտանգության և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությամբ։

Նախագիծը առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ազգային ժողովում քննարկվել էր մեկ այլ օրենսդրական նախագիծ։

Ըստ առաջարկի՝ զինծառայողները կարող են 24 ամիս ծառայել բանակում և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։