Ծիծեռնակաբերդում տեղադրվեց ծովակալ Դյու Ֆուրնեի հուշատախտակը
Այսօր՝ մայիսի 26-ին, Ծիծեռնակաբերդում տեղադրվեց հուշատախտակ Մուսա լեռան հայերին փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին։
Նա 1915 թվականին փրկել է Մուսա լեռան պաշտպանության ժամանակ հերոսաբար դիմադրող ավելի քան 4000 հայերի։ Հուշատախտակի հետ միասին հուշահամալիրին փոխանցվեց նաև նրա գերեզմանից բերված հողը՝ որպես պատմական հիշողության և երախտագիտության խորքային նշան։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայից ժամանած պատվիրակներ, ինչպես նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, ով հանդես եկավ ելույթի խոսքով։
Ցեղասպանությունից 110 տարի անց մենք հիշում ենք Մուսա լեռան հերոս հայերին, ովքեր չհնազանդվեցին բռնի տեղահանությանը, այլ դիմադրեցին մինչև վերջին պահը։ Եվ երբ ամեն ինչ սպառված էր՝ ուժը, սնունդը, ռազմամթերքը, նրանք դեռ հույս ունեին։ Սավաններից պատրաստված դրոշներով նրանք դիմեցին դեպի ծովը՝ հավատալով, որ օգնություն կգա։ Եվ օգնությունը եկավ՝ ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի գլխավորությամբ,- նշեց Բարոն:
Ֆրանսիայի զինուժի երրորդ նավատորմի հրամանատար դյու Ֆուրնեն, չսպասելով վերադաս հրամանին, հրամայեց, որ ֆրանսիական նավերը դուրս բերեն շրջափակման մեջ գտնվող մոտ 4080 հայի և տեղափոխեն Եգիպտոսի Պորտ Սայիդ։ Այդ օրերին նա ասել է մի խոսք, որը հիշատակվեց նաև այսօր։
Փոքրիկ մուսալեռցիները, որոնց ձեռքից ձեռք էին փոխանցում ալիքների վրայով, երբեք չեն իմանա, թե ինչ վտանգից են փրկվել։
Միջոցառման ավարտին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին ծովակալ Դյու Ֆուրնեի հիշատակին՝ տեղադրելով ծաղիկներ նոր հուշատախտակի մոտ և լռության րոպեով հիշելով Մուսա լեռան հերոսական պաշտպաններին։
