ԽմբագրիցՀայաստան

Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշ

1918 թվականի մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է որպես անկախ պետականության վերականգնման օր։ Այդ օրը, Թիֆլիսում՝ Արամյանցի տանը, Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը՝ ստեղծելով Հայաստանի առաջին հանրապետությունը։ Այս որոշումը կայացվեց Անդրկովկասյան Դաշնության փլուզումից հետո, երբ Վրաստանն ու Ադրբեջանը արդեն հռչակել էին իրենց անկախությունը։

Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նախորդեց մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի, որոնք վճռորոշ նշանակություն ունեցան հայ ժողովրդի գոյության պահպանման և անկախ պետականության վերականգնման գործում։

Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկու տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, նրա ստեղծումը կարևոր քայլ էր հայոց պետականության վերականգնման ճանապարհին։ Այն հիմք հանդիսացավ հետագա պետական կառույցների ձևավորման և անկախության վերականգնման համար։

Մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես ազգային տոն՝ առաջին հանրապետության ստեղծման օր։ Այն հիշեցնում է մեզ մեր պատմական պայքարի և անկախության արժեքի մասին։

Այսօր, երբ Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, մայիսի 28-ը մեզ հիշեցնում է, որ անկախությունը նվաճվում է համառ պայքարով և պետք է պահպանվի միասնականությամբ ու վճռականությամբ։

Սեդա Մարտոյան