ՀայաստանՍոցիալական

Պտտահողմ ու խոշոր կարկուտ Արթիկում. վնասի չափը կհաշվարկվի

Շիրակի մարզի Արթիկ համայնքում մայիսի 28-ին տեղի ունեցած ուժեղ պտտահողմն ու խոշոր կարկուտը զգալի վնաս են հասցրել տներին ու գյուղատնտեսական տարածքներին։ Արթիկի համայնքապետարանից հայտնում են, որ ուժեղ քամին և կարկուտը հատկապես վնասել են Բաբաջանյան փողոցի տանիքները, արմատախիլ արել ծառեր, իսկ կարկուտը վնասել է Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ և մասամբ նաև Գեղանիստ համայնքների այգիներն ու ցանքատարածությունները։

Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը տեղում ուսումնասիրում է վնասի մասշտաբը։ Մոտ օրերս կձևավորվի հատուկ հանձնաժողով, որն էլ վերջնականապես կգնահատի վնասի ծավալը։

Համայնքապետարանը տեղեկացնում է, որ բնակիչներին հնարավորության սահմաններում կտրամադրվի աջակցություն՝ կրած վնասների հետևանքները մեղմելու համար։