ՀայաստանՍոցիալական

Շարունակվում է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

Գեղարքունիքի մարզում՝ Սևանում, ընթանում են տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Տասնամյակներ շարունակ չվերանորոգված կամուրջի կոնստրուկցիաները սկսել էին քայքայվել, ինչը վտանգ էր ներկայացնում երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Կամուրջը կարևոր նշանակություն ունի, քանի որ ապահովում է Երևան-Սևան ճանապարհի ինտենսիվ երթևեկությունը։

Արդեն իսկ ասֆալտապատվել են տրանսպորտային հանգույցի թևերը։ Մոտ 30 մետր երկարությամբ կամրջի երթևեկության մեկ ուղղությունը հիմնանորոգվել էր 2024 թվականին։ Այս տարի սկսվել են մյուս՝ Սևանից դեպի Երևան ուղղության հիմնանորոգման աշխատանքները։ Նախատեսվում է կամրջի վրա իրականացնել միացման կարերի նորոգում, երկշերտ ջրամեկուսացում, բետոնապատում, տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցել մայթեր և տեղադրել բազրիքներ։

Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Նշենք, որ Սևանի այս տրանսպորտային հանգույցը կարևոր դեր ունի ինչպես տեղական, այնպես էլ միջմարզային երթևեկության համար, հատկապես զբոսաշրջային սեզոնի ընթացքում, երբ երթևեկության հոսքը զգալիորեն աճում է։