
Հայաստանում անշարժ գույքի գործակալները պարտավոր կլինեն ստանալ լիցենզիաներ և վճարել հարկեր
Հայաստանի Կառավարության մայիսի 30-ի որոշմամբ՝ անշարժ գույքի գործակալները պարտավոր կլինեն ստանալ լիցենզիաներ և վճարել հարկեր։
Այժմ բոլոր անշարժ գույքի գործակալները պետք է գրանցվեն և ստանան լիցենզիա 5 տարի ժամկետով։ Դրա համար անհրաժեշտ կլինի բարձրագույն կրթություն և քննություն հանձնել։ Ներդրվում է վճարովի գործարքների տեղեկատվական համակարգ՝ 10,000 դրամ մեկ անձի համար կամ 450,000 դրամ՝ տարեկան անսահմանափակ փաթեթ։
Ռիելթորական (ռիելթոր՝ անշարժ գույքի գործառնությունների գործակալ) գործունեության օրենսդրական պահանջների բացակայության պայմաններում ոլորտում գործունեություն են ծավալում անհատ միջնորդներ, որոնք գործում են ստվերում (չեն վճարում հարկեր) և իրենց գործունեությունն իրականացնում են հիմնականում համացանցի միջոցով:
Օրինակ, ԱՄՆ-ում, ինչպես և Կանադայում ռիելթորական գործունեությունը բավականին զարգացած է. Անշարժ գույքի շուկայում գործարքների գրեթե 80 %-ը կատարվում է ռիելթորների մասնակցությամբ: ԱՄՆ-ում ռիելթորական գործունեությունը կարգավորվում է նահանգային օրենսդրության միջոցով: Օրինակ՝ Նյու-Յորք նահանգում գործում է «Անշարժ գույքի բրոքերների և անշարժ գույքի վաճառողների լիցենզավորման» մասին օրենքը, որով սահմանվում է, որ անձը կամ կազմակերպությունն իրավունք չունի իրականացնելու անշարժ գույքի ոլորտում ռիելթորական գործունեություն առանց սահմանված կարգով լիցենզիա սատանալու: