ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում արտահանման գործընթացը հեշտանում է. մաքսային ձևակերպումները կկատարվեն 24/7 ռեժիմով

Հայաստանի արտահանողները կարող են զերծ մնալ երկար հերթերից և քաշքշուկներից: Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըսը որի հունիսի 1-ից մաքսային սպասարկումն կիրականացվի շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Սա նշանակում է, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումները և ապրանքների բացթողումները հնարավոր կլինի անել ոչ միայն աշխատանքային ժամերին, այլև ցանկացած ժամի, նույնիսկ հանգստյան օրերին:

Այս փոփոխությունը վերաբերում է նաև ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքներին։

Նոր համակարգը կգործի հիմնականում Երևանում և Վանաձորում գտնվող մաքսային մարմիններում, ինչպես նաև Տավուշի մարզի Այրումում՝ «Դամուար գրուպ» պահեստում։ Սա զգալիորեն կթեթևացնի սահմանային անցակետերի ծանրաբեռնվածությունը և արագացնի արտահանման գործընթացը։

Նախկինում արտահանման գործընթացը երկրի ներսում հնարավոր էր միայն աշխատանքային օրերին և ժամերին, իսկ ոչ աշխատանքային ժամերին արտահանման փաստաթղթերն ու ձևակերպումները պետք էր կատարել անմիջապես պետական սահմանի անցման կետերում։ Սա հաճախ հանգեցնում էր երկար հերթերի և բեռնատարների կուտակման։