Փոփոխություն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում
2025 թվականի հունիսի 1-ից սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կփոխհատուցվեն միայն այն դեպքում, երբ դրանք կատարված կլինեն անմիջապես հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այս կարգավորումը կարևոր է այն քաղաքացիների համար, ովքեր ուզում են ստանալ փոխհատուցում սոցիալական ծախսերի դիմաց։ Փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինի, որ վճարողը հենց հայտարարատու ֆիզիկական անձն է։
Բացառություն են կազմում դասագրքի վարձակալության ծախսերը և աշխատողից փոխհատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների վճարումները։
Հիշեցնենք, որ մինչ այժմ սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող էին օգտվել նաև այն դեպքում, երբ ընտանիքի անդամն էր իրականացրել վճարումը։
Սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը կազմում է տարեկան 100 հազար դրամ։
Փոխհատուցվող ծախսերը ներառում են առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ-ում գործող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։
